Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել (թարմացվում է)
Թարմացվում է
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 60 մարդ, տուժել է ավելի քան 150–ը, 754 մարդ ձարբակալվել է: Tert.am–ը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում է տեքստային թարմացումներով։
10:17
Իշխանամետ ուժերը վերադարձրել են Թուրքիայի գլխավոր շտաբի նկատմամբ վերահսկողությունը. Reuters
Թուրքիայի իշխանամետ ուժերը վերադարձրել են երկրի գլխավոր շտաբի նկատմամբ վերահսկողությունը, հայտնում է Reuters գործակալությունը` թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հղումով:
Նրա խոսքով՝ զինվորականների փոքր խմբեր, որոնք մի քանի ուղղաթիռներ են գրավել, այժմ դեռևս շարունակում են դիմադրություն ցույց տալ իշխանություններին:
Աղբյուրը նշել է, որ խորհրդարանի շենքի և նախագահական պալատի վրա հարձակումները ներկայում գրեթե հաջողվել է կանգնեցնել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար է նշանակվել Ումիթ Դունդարը, գերատեսչության ներկայիս ղեկավարի գտնվելու վայրը հայտնի չէ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա գերի էր ընկել և այժմ ազատվել է գերությունից։
10:03
Թուրքիայում զոհվել է 60, ձերբակալվել 754 մարդ
Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է 60 մարդ, տեղեկացնում է CNN Turk-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 42 զոհի մասին, սակայն Անկարայի ոստիկանությունը երկրորդ անգամ ուղղաթիռի ու կործանիչների հարձակմանն է ենթարկվել: Այդ հարձակման հետևանքով զոհվել է 17 ոստիկան:
Հաղորդվում է, որ հեղաշրջման փորձի գործով ձերբակալվել է 754 մարդ: Նրանց թվում կան բարձրաստիճան զինվորականներ:
Հաղորդվում է նաև զինվորականների շրջանում պաշտոնանկությունների մասին:
09:56
Թուրքիայում 5 գեներալ և 29 գնդապետ է պաշտոնից ազատվել. թուրք պաշտոնյա
Թուրք պաշտոնյաներից մեկը հայտնել է 5 գեներալի և 29 գնդապետի պաշտոնից ազատման մասին՝ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Թուրքիայում լույս հուլիսի 16-ին ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել:
Թուրքիայի ամբողջ տարածքում պարետային ժամ է սահմանվել:
09:53
Ոչ մի տեղ չեմ գնալու և մնալու եմ ժողովրդի կողքին. Էրդողան
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ոչ մի տեղ չի գնում և մնալու է ժողովրդի կողքին, հայտնում է CNNTurk-ը։
«Այս քայլը դավաճանական քայլ էր, հեղաշրջման փորձ, և հայրենիքի այդ դավաճանության գինը ծանր է լինելու»,-ասել է Էրդողանը:
Նա հայտարարել է, որ F-16 տիպի կործանիչները Թուրքիան ձեռք է բերել թշնամիների դեմ օգտագործելու համար, սակայն հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականները կարծում են, որ կարող են դրանք օգտագործել այժմ:
«Մենք այդ կործանիչները գնել ենք երկիրը թշնամիներից պաշտպանելու համար, սակայն այս պահին օդանավակայանում դրանք խոչընդոտում են ուղևորների վայրէջքին ու թռիչքին, սպառնում են նախագահին»,-ասել է նա:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Ստամբուլ գալուց առաջ եղել է Մարմարայում, և իր հեռանալուց հետո այնտեղ ռմբակոծվել է. «Հավանաբար կարծում էին, որ մենք դեռ այնտեղ ենք»,-ասել է նա:
Թուրքիայում լույս հուլիսի 16-ին ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել:
06:00
Սպանվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցող գեներալներից մեկը:
05:03
Էրդողանը ժամանել է Ստամբուլ:
04:58
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը նախապատրաստվել էր ռազմական դատախազի և 46 բարձրաստիճան սպաների կողմից: Այս մասին հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը:
04:37
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է երկրի օդային տարածքի ամբողջական փակման մասին, այն բանից հետո, երբ զինվորականները ռազմական հեղաշրջման փորձ են արել:
04:16
Ստամբուլում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ականատեսների:
04:05
Անկարայում հակամարտություն է ընթանում հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականների և նախագահ Էրդողանի կողմնակիցների միջև: Էրդողանի կողմից են ոստիկանությունը, ռազմական որոշ ստորաբաժանումներ և 10-յակ հազարավոր մարդիկ, ովքեր նախագահի կոչից հետո դուրս են եկել փողոցներ:
03:50
Անկարայում զինվորականները լքում են իրենց դիրքերը
03:41
Գերմանիան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռին թույլ չի տվել վայրէջք կատարել իր երկրի տարածքում, գրում է The Daily Beast-ը՝ հղում անելով NBC հեռուստաալիքին:
Հաղորդագրությունում ասվում է, որ թուրքական առաջնորդի ինքնաթիռը ուղևորվում էր Լոնդոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրդողանը ապաստան էր խնդրել Գերմանիայից, երբ թուրք զինվորականները փորձում էին ռազմական հեղաշրջում իրականացնել:
03:30
Ոստիկանության 17 աշխատակից է սպանվել Անկարայի Հյոլբաշի թաղամասում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ, հաղորդւոմ է Anadolu գործակալությունը:
03:22
Իշխանություններին հաջողվել է կասեցնել ռազմական հեղաշրջման փորձը, իրականացվում է հեղաշրջման ղեկավարների ձերբակալություններ. Ստամբուլի նահանգապետ
03:08
F-16 կործանիչը Անկարայի օդում ուղղաթիռ է ոչնչացրել. կան զոհերի: Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:
02:34
Թուրքիայում գործող կառավարությունը նախկինի նման գտնվում է իշխանության գլխին: Այդ մասին թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել է փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը:
«Կառավարությունը գտնվում է իշխանության գլխին: Մենք վստահ ենք, որ կկարգավորենք այս հարցը»,- նշել է Քուրտուլմուշը՝ կոչ անելով այլ քաղաքական կուսակցություններին աջակցել կառավարությանը:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցները հաղորդում են ռազմական հեղաշրջման փորձի մասին: Այս պահի դրությամբ փակ է Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը, աշխատանքը դադարեցրել է պետական հեռուստատեսությունը: Ողջ երկրով մեկ պարետային ժամ է հայտարարվել:
01:52
Թուրք զինվորականները հայտարարել են, որ տապալել են երկրի իշխանությունները սահմանադրական կարգուկանոնը և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վերականգնելու համար, հաղորդում է Reuters-ը:
РИА Новости-ի փոխանցմամբ` զինվորականները պարետային ժամ են սահմանել երկրում:
Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է ռազմական հեղաշրջման փորձ:
Ավելի վաղ դադարեցվել էր Ստամբուլի միջազգային օդանավակայանի աշխատանքը: Արգելափակվել էր նաև Թուրքական պետական հեռուստաալիքը:










