Բժիշկ պատանդ վերցնելը ամենավերջին գործողությունը պետք է լիներ. բժիշկները «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունների մասին

22:02 • 27.07.16

Բժիշկների նկատմամբ նման վերաբերմունք չի կարելի ցուցաբերել. Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց վարակաբան Իրինա Մխիթարյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբավորման կողմից բուժանձնակազմ պատանդ վերցնելու մասին:

«Ոչ մի լավ բան դրանից չի բխում, նման ձևով հարցեր չեն լուծում,- ասաց նա՝ նշելով, որ նման խնդիրները պետք է դիվանագիտորեն լուծել,- ավելի հանգիստ վիճակում: Բժիշկ պատանդ վերցնելը ամենավերջին գործողությունը պետք է լիներ, շատ ցավալի է, որ գործողություններն այս հունով են ընթանում»:

Վիրաբույժ Արեգ Սեպյանն էլ, իրադարձությունների մասին ամբողջական տեղեկատվության չտիրապետելով, զարմացավ, թե բժիշկներն ինչ կապ ունեն «Սասնա ծռեր» խմբավորման պահանջների հետ:

«Ոչ մի նորմալ բան չեմ տեսնում, ես չեմ լսել, որ երբևէ նման բան եղած լիներ: Իմ կարծիքը այդ գործողությունների մասին միայն բացասական է, այլ բան չեմ կարող ասել: Հիմա եթե բժիշկների հետ էլ կռիվ անեն, վերջը ի՞նչ է լինելու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նաև գիշերվա ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Զինված խմբի անդամները պատանդ են վերցրել իրենց իսկ կանչով ՊՊԾ գնդի տարածք ժամանած շտապօգնության բժիշկներ Նորայր Թևանյանին և Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: