Եվրահանձնաժողովը Լեհաստանին երեք ամիս ժամանակ է տվել՝ օրենքի գերակայության շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար
Եվրահանձնաժողովը Լեհաստանին երեք ամիս է տալիս՝ երկրում օրենքի գերակայության շուրջ ստեղծված իրավիճակի լուծման հարցով միջոցներ ձեռնարկելու համար: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Տիմերմանսը:
«Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս, որպեսզի Լեհաստանի իշխանությունները շտապ կարգով համապատասխան միջոցներ ձեռնարկեն օրենքի գերակայության պահպանման համար՝ համակարգային վտանգի վերացման ուղղությամբ, և խնդրում է լեհական կառավարությանը երեք ամսվա ընթացքում Եվրահանձնաժողովին տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին»,- ասել է նա:
Տիմերմանսի խոսքերով՝ Եվրահանձնաժողովի բոլոր գլխավոր մտահոգություններն անլուծելի են մնում:
«Չնայած Լեհաստանի իշխանությունների հետ երկխոսությանը, որը տարվում է տարվա սկզբից, Եվրահանձնաժողովը եզրակացրել է, որ գլխավոր մտահոգությունները, որոնք սպառնում են օրենքի գերակայությանը, այդպես էլ չեն լուծվել»,- հայտնել է նա լրագրողներին:
Տիմերմանսն ընդգծել է, որ եթե Լեհաստանը ոչ մի քայլ չձեռնարկի լ խնդրի լուծման համար, Եվրահանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել հետագա անհրաժեշտ քայլերը:










