Պետք է անհապաղ բաց թողնեք բժիշկներին, շատ շատերը երես կթեքեն ձեզանից. մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը դիմում է «Սասնա ծռերին»
Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ է արել «Սասնա ծռերին» ազատ արձակել պատանդառված բժիշկներին:
«Այն, որ հիմա գերի են վերցրել բժշկական բրիգադին՝ բժիշկին ֆելշերին, բուժքույրին, դուրս է գալիս պարկեշտության բոլոր սահմաններից: Չէ՞ որ բժիշկները մարտի դաշտում օգնում են ոչ միայն իրենց կողմնակիցներին, նրանք օգնում են նաև հակառակորդին, և այս դեպքում ես դիմում եմ նրանց, ով դիմել է այս քայլին՝ սա ձեզ ոչինչ չի ավելացնելու ու շատ շատերը երես կթեքեն ձեզանից: Ձեռք բարձրացնել սպիտակ խալաթի վրա և պատսպարվել սպիտակ խալաթի հետևում, դա ամենավերջին քայլն է»,-«Սասնա ծռերին» ուղղված ուղերձում ասել է Ռոշալը:
«Կարծում եմ, որ դուք պետք է անհապաղ բաց թողնեք բժիշկներին, և այս կոչին կմիանան ողջ աշխարհի բժիշկները, որովհետև դա անթույլատրելի է»,-եզրափակել է նա:










