Թուրքիայի հեղաշրջման փորձին մասնակցել է բանակի 1,5 տոկոսը

15:33 • 27.07.16

Թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել երկրում հեղաշրջման փորձի արդյունքների մասին՝ նշելով ապստամբների հստակ թիվը. մոտ 8,7 հազար զինվորական, ինչը կազմում է բանակի 1,5 տոկոսը, գրում է РИА Новости-ն:

Թուրքական զինված ուժերի տվյալներով՝ հեղաշրջման փորձին մասնակցել է 8651 զինվորական, որոնք կապված են եղել ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի խմբավորման հետ:

Ապստամբության ընթացքում օգտագործվել է երեք նավ, 74 տանկ, 246 զրահապատ մեքենա, 3992 միավոր հրազեն: Օգտագործվել է նաև 35 ինքնաթիռ և 37 ուղղաթիռ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:

Ավելի քան 13 հազար մարդ է կալանավորվել Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացնելու գործի հետաքննության շրջանակում: Զոհերի թիվը հասել է 290-ի: