Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանը մահացել է

18:23 • 02.08.16

Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանը մեկ ժամ առաջ մահացել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանցը: 

«Մենք միշտ ասում էինք, որ նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Ցավոք, նա ուներ կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ»,-ասաց Նորայր Դավիդյանցը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նա հայտնել էր, որ հիվանդի մոտ վրա է հասնելու այրվածքային հիվանդության երկրորդ` թունավորման շրջանը՝ օրգանիզմի ինքնաթունավորում և արյան սեպսիս:

Քաջիկ Գրիգորյանն ուներ մինչև 20 տոկոս վերին շնչուղիների, գլխի (ձայնը այրվածքներից փոխվել էր), կրծքավանդակի, ձեռքերի, մեջքի, նստատեղի, ոտքերի մի մասի այրվածքներ:

Հիշեցնենք, որ նա Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ անսպասելի իր վրա բենզին էր լցրել և ինքնահրկիզվել։