Անդրիաս Ղուկասյանը պետք է ազատ արձակվի առանց որևէ գրավի՝ հաշվի առնելով պատշաճ քաղաքացի լինելը. Անահիտ Թարխանյան

12:12 • 23.08.16

Որոշում կայացնելուց առաջ դատարանը պետք է հաշվի առնի Անդրիաս Ղուկասյանի ընդհանուր բնութագիրը` որպես մարդ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց նրա կինը՝ Անահիտ Թարխանյանը։

Հիշեցնենք, որ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գունդը գրավելու շրջանակներում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, սակայն, ինչպես հայտնում է նրա փաստաբանը, Ղուկասյանը նման վարք չի դրսևորել։

«Ես՝ որպես հարազատ, գտնում եմ, որ, միանշանակ, պետք է արձակվի, առանց որևէ գրավի՝ հաշվի առնելով պատշաճ քաղաքացի լինելը։ Եթե նայենք, թե նա ինչպիսի անձնավորություն է, շատ տարօրինակ է ստացվում, որ մի մարդ, ով ղեկավարում է կազմակերպություն, որը նախագծել է հուշարձան՝ Ոսկեպարում զոհված ոստիկանների համար, կկազմակերպի զանգվածային անկարգություններ։ Նա անձնավորություն է, որը գրում է Սահմանադրություն, մասնակցում է 2016թ.–ին Արցախին նվիրված քննարկումներին, գրում ուղարկում է Արցախի Սահմանադրության նախագիծը։ Դժվար է պատկերացնել, որ նա կմասնակցի զանգվածային անկարգությունների»,- նշեց Թարխանյանը՝ հավելելով, որ դատարանը պետք է այս ամենի հետ հաշվի նստի։