Արամ Մանուկյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ ատյանը մերժեց բողոքը (լուսանկարներ)

14:10 • 23.08.16

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ դատարան ներկայացված բողոքը: Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Դատարանը կայացրեց մեր կողմից սպասված որոշում և մերժեց վերաքննիչ բողոքը»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Արամ Մանուկյանի մյուս պաշտպան Հարություն Բաղդասարյանը նշեց, որ դատարանն իրականացրել իր սովորական գործառույթը. «Որոշումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական: Ինչ վերաբերում է Արամին, ապա նա ուրախ է, խրոխտ և իր ողջույններն է ուղարկում բոլոր երիտասարդներին»:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ դատարանում իր ելույթում Արամ Մանուկյանը հայտնել է, որ երբ իր ուղղությամբ կրակել են, այդ պահին իրեն վնասազերծելու խնդիր չի եղել, ինքն այդ պահին ընդամենը օգնել է վիրավոր հորը:

Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի առողջական վիճակին, փաստաբանի խոսքով, նրա վիճակը ծանր է. «Արամի առողջական վիճակը նույնն է, ծանր վիճակում է, ինքնուրույն որևէ գործողություն չի կարողանում կատարել»:

Անդրադառնալով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «Էրեբունի» ԲԿ-ի բուժաշխատողների հերթապահության դադարեցմանը և պարզաբանմանը, թե «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժաշխատողներ կան, Ինեսսա Պետրոսյանն ասաց. «Այնտեղ ասում են, որ կան ինչ-որ բուժաշխատողնր, որոնց ես չեմ տեսել: Այս դեպքում նաև հարց է առաջանում. եթե բուժակներ կան, ապա ինչու էին մինչ օրս «Էրեբունի» ԲԿ-ի բուժակները հերթապահում»:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Նշենք, որ 219-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։

235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից: Ըստ մեղադրանքի` մի դեպքում նախատեսվում է 6-12, մյուս դեպքում՝ 3-8 տարվա ազատազրկում: