ԼՂ-ում նախագահական կառավարման համակարգն ամենակենսունակն է. Բագրատ Ղազինյան (տեսանյութ)

20:31 • 23.08.16

Լեռնային Ղարաբաղի պարագայում նախագահական կառավարման համակարգին անցնելն ամենակենսունակն է, և դա թույլ կտա ապահովվել պետական իշխանության բնականոն զարգացումը։ Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետ,  ի.գ.թ., դոցենտ Բագրատ Ղազինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում սահմանադրական բարեփոխությունների հայեցակարգով նախատեսված փոփոխություններին։

«Նախագահական կառավարման համակարգում նախագահն ավելի դոմինանտ դեր է ստանձնում ի տարբերություն գործող իրավակարգավորման։ Նախագահը հենց ինքն է ստանձնում գործադիր իշխանության  ղեկավարի պաշտոնը, հանրապետության նախագահի խնդիրն է դառնում ստեղծել այնպիսի սահմանադրական կառուցակարգ, որը հնարավորություն կտա ապահովել փոխհարաբերությունների արդյունավետությունը։ Հանրապետության նախագահի՝ որպես գործադիր իշխանության ղեկավարի դերակատարումը և փոխհարաբերությունները Ազգային ժողովի հետ ամրագրվում են այնպիսի մակարդակով, որ բացառվեն կառավարական ճգնաժամի խնդիրները»,- մանրամասնեց Բագրատ Ղազինյանը։

Անդրադառնալով կառավարման այս համակարգին անցնելուն դեմ կարծիքներին, թե այս կերպ իշխանությունը կենտրոնանում է մեկ անձի ձեռքում և այս մոդելը իշխանության դիրքերի ամրապնդմանն ու վերարտադրությանն է ծառայում, Բագրատ Ղազինյանը նշեց, որ ցանկացած դեպքում, երբ խոսում են սահմանադրական լիազորությունների մասին, պետք է հասկանալ, որ երբևէ որևէ լիազորություններ չեն կենտրոնանում կոնկրետ պաշտոնատար անձի ձեռքում, առկա է զսպումների և հակակշիռների համակարգ։

Իսկ թե որքանով է արդյունավետ զսպումների և հակակշիռների համակարգը, պարզ կլինի սահմանադրական բարեփոխումների նախագծին ծանոթանալուց հետո։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 15-ին հավանություն է տվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին» և հանձնարարել սահմանված ժամկետում ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։