Վրաստանում չեն բացառել Սաակաշվիլիի ներգրավվածությունը ՌԴ-ՀՀ գազամուղի պայթեցման պատրաստմանը

12:18 • 23.08.16

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն կարծում է, որ Ռուսաստան-Հայաստան գազամուղի հատվածի պայթեցումը հոկտեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններից առաջ ձեռնտու կլիներ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, հայտնում է interfax.ru-ն:

 

«Դժվար չէ կռահել, որ ընտրություններից առաջ ապակայունացումը շատ ձեռնտու է Սաակաշվիլիին և նրա կուսակցությանը: Ես չեմ կարող ուղղակիորեն մեղադրել նրանց ահաբեկչության պատրաստման համար, բայց նրանց մտքում կարող էր նման նենգ ծրագիր ծնվել»,- հայտարարել է Կոբախիձեն վրացական GDS հեռուստաընկերության եթերում:

 

Միևնույն ժամանակ, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին անտեղի է համարում Վրաստանի պետանվտանգության ծառայության ակնարկները, թե Վրաստանում պատրաստվող ահաբեկչությունն ինչ-որ կերպ կապված է Ուկրաինայի հետ:

 

«Պետական անվտանգության ծառայության ակնարկները նշանակում են, որ ահաբեկչությունը կազմակերպել է Ուկրաինան: Գուցե կարելի էր մտածել նման բան հայտարարելուց առաջ: Եթե դուք կասկածում եք Միշային (Միխեիլ Սաակաշվիլի) և նրա կուսակցությանը, հարկավոր էր ասել, որ պարզում եք, թե արդյո՞ք դրա հետևում կանգնած է Միշան, այլ ոչ կասկածել Ուկրաինային: Ամոթ է»,- սոցցանցում գրել է Խիդաշելին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի պետանվտանգության ծառայությունն ահաբեկչության փորձ է կանխել: Ձերբակալվել է յոթ մարդ: Նրանց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան:

 

ՌԴ-ից Հայաստան գազամուղի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալված անձինք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար: Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր գերատեսչության ներկայացուցիչը, ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը և Հայաստանը:

 

Երկրի պետանվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ձերբակալվածներից մեկը հաճախ Ուկրաինա է այցելել, սակայն արդյոք հանցավոր խումբը կառավարվել է այդ երկրից՝ դեռ հայտնի չէ: