Իտալիայում բողոքի ցույց է սկսվել՝ Պիզայի աշտարակի հարևանությամբ մզկիթի կառուցման դեմ
Մի խումբ ակտիվիստներ արշավ են սկսել ընդդեմ մզկիթի կառուցման՝ Սանտա Մարիա Ասունթա տաճարի հարևանությամբ, որն ավելի հայտնի է որպես Պիզայի աշտարակ, գրում է Интерфакс-ը: Ցուցարարներին դուր չի եկել մզկիթի` համաշխարհային ճանաչում ունեցող շինությանն այդքան մոտ լինելը:
Ավելի վաղ նախագիծը հաստատվել էր քաղաքային խորհրդի կողմից:
Նախորդ հանգստյան օրերին ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել Պիզայում և հավաքել էին 2.000 ստորագրություն ընդդեմ շինարարության: Նրանց կարծիքով, դա բավական է հանրաքվե անցկացնելու համար:
«Քսան տարի շարունակ Պիզայում մուսուլմանները հավաքվում են քաղաքի կենտրոնում գտնվող փոքր մզկիթում, և մինչ օրս ոչ ոք չի ընդդիմացել դրան»,- հայտարարել է Պիզայի քաղաքապետ Մարկո Ֆիլիպեսկին` նշելով, որ մզկիթը կկառուցվի բացառապես մասնավոր միջոցներով:
Նշվում է, որ Պիզայում ապրում է 3.000 մուսուլման:










