Քրդերը պատանդ են վերցրել 230 սիրիացի զինվորականի և աշխարհազորայինի. ԶԼՄ-ներ
Ինքնապաշտպանության քրդական ուժերի մարտիկները «Ասաիշ» զինված խմբավորման հետ միասին Սիրիայի արևելքում գտնվող Էլ Հասաքե քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա պատանդ են վերցրել 230 սիրիացի զինվորի և սիրիական ժողովրդական աշխարհազորի մարտիկների: Այդ մասին հայտնել է ANFNews–ը։
Քրդական լրատվական գործակալության տվյալներով՝ անցած կիրակի օրը քրդական ջոկատներին հաջողվել է շրջապատել կառավարական զորքերի և աշխարհազորայինների զինծառայողներին Էլ Հասաքեի արևելքում: Մեկ օր դիմադրությունից հետո 230 զինծառայող և աշխարհազորային զենքով հանձնվել է:
Սիրիական բանակի հրամանատարությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այդ տեղեկությունը:
Քրդական ջոկատների և կառավարական զորքերի միջև մարտերն Էլ Հասաքեում սկսվել են օգոստոսի 16-ին: Սիրիական բանակի հայտարարության համաձայն՝ քրդերը հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա և փորձել են գրավել քաղաքը: Սիրիական ռազմաօդային ուժերն իրենց հերթին երկու անգամ հարվածներ են հասցրել քրդական զինված խմբավորումների դիրքերի վրա:










