Բողոքի երթ Երևանում. պահանջում են վերականգնել «Սասնա ծռերի» մի շարք անդամների շուրջօրյա խնամքը (թարմացված)
20.26
Ակցիան Դատապարտյալների հիվանդանոցի բակում կշարունակվի վաղը
Դատապարտյալների հիվանդանոցի բակում հավաքվածները տուն գնացին՝ հայտարարելով, որ կգան այստեղ արդեն վաղը՝ ժամը 14:00-ին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ վաղը կրկին կհավաքվեն այդտեղ, քանի որ էրեբունի հիվանդանոցից երկու բժիշկ են գալու` ստուգելու Սասնա ծռերի անդամներին, մասնավորապես` Հովհաննես Հարությունյանին և ոորոշելու բուժման ընթացքը:
«Էրեբունի ԲԿ-ից երկու բժիշկ են գալու, այստեղ կսպասենք բժիշկներին, ովքեր էլ կպատասխանեն, թե երբ է տեղի ունենալու վիրահատությունը»,-ասաց նա:
17.36
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամների առողջական վիճակով մտահոգ նրանց հարազատները, ինչպես նաև նրանց սատարող մի խումբ քաղաքացիներ այսօր Մարդու իրավունքների գրասենյակիում ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպումից հետո երթով շարժվեցին դեպի Արդարադատության նախարարություն։
«Սաս-նա ծռեր», «մի-ա-ցեք» վանկարկումով և «Պատիվ ունենք ծուռ բուժել», «Արժանապատիվ բուժօգնություն և խնամք Սասնա ծռերին» գրառումներով ցուցապաստառներ պարզած՝ նրանք պահանջում էին պատշաճ բուժօգնություն տրամադրել Սասնա ծռերի վիրավոր անդամներին:
Ոստիկաններն առաջարկում էին երթի մասնակիցներին շարժվել մայթով:
Արդարադատության նախարարության դիմաց արդեն նրանք բացականչում էին. «Մի խոշտանգենք մեր հերոսներին»: Ոստիկանական պատը նրանց արգելեց առաջ գնալ:
Երթի մասնակիցները նախարարից պահանջում էին իջնել և խոսել իրենց հետ: Նախարարության աշխատակիցները նրանց առաջարկեցին խումբ կազմել և բարձրանալ վերև, սակայն հավաքվածները չհամաձայնեցին:
Երթի մասնակիցներն այնուհետև գնալու են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք, որ այսօր ՄԻՊ–ը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ ՄԻՊ աշխատակիցներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և պարզել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ գործուղված և «Սասնա ծռերի» մի շարք անդամների խնամքն ապահովող մասնագետների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվել է:
ՄԻՊ–ի հաղորդագրությունում նաև նշվում էր, որ 2016 թվականի օգոստոսի 19-ին գրություններ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն, համաձայն ստացած բողոքների, մի շարք կալանավորված անձանց բժշկական խնամքը կազմակերպելու նպատակով վերջիններիս առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ:













