Թեհրանը չի արգելել Մոսկվային օգտագործել «Համադան» ավիաբազան Սիրիայի վրա թռիչքների համար. Լարիջանի
Թեհրանը չի արգելել Մոսկվային օգտագործել «Համադան» ավիաբազան Սիրիայի վրա թռիչքների համար: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, գրում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ ավիաբազան Ռուսաստանի տրամադրության տակ չէ՝ ընդգծելով, որ «դա ժամանակավոր միջոց է, և բազան օգտագործվում է միայն վերալիցքավորման համար»:
Լարիջանին նաև նշել է, որ Թեհրանը համագործակցում է Մոսկվայի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ Ռուսաստանը կարող է օգտագործել ավիաբազան այնքան, քանի կա դրա անհրաժեշտությունը:
Անցած շաբաթ ռուսական օդատիեզերային ուժերն առաջին անգամ օգտագործել են «Համադան» ավիաբազան «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու համար: Նախկինում ռուսական հեռավոր ավիացիան Սիրիայում օդային հարվածների համար թռիչքներ էր կատարում ռուսական օդանավակայաններից, իսկ ռմբակոծիչները՝ սիրիական «Հմեյմիմ» բազայից:










