Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման

12:42 • 23.08.16

Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը:

Դատավոր Հարություն Մովսիսյանը հրապարակեց, որ դատարանը ձեռք բերված ապացույցների համադրելով միմյանց հետ, դրանց համակցությամբ հաստատված է համարում էր, որ Վալերի Պերմյակովը կատարել է իրեն առաջադրված մեղադրանքներով նախատեսված արարքները:
 

Դատարանը հրապարակեց Վալերի Պավելի Պերմյակովի դատավճիռը.

«Վալերի Պավելի Պերյակովին, ծնված 1996 թվականին, Ռուսաստանի Դաշնության Չիտայի մարզում, ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի, ծառայում է ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի 04346 զորամասում,նախկինում դատված զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով` 10 տարվա ազատազրկման: Դատարանը ձեռք բերված ապացույցները համադրելով միմյանց հետ, գնահատելով հաստատված է համարում, որ Վալերի Պերմյակովը կատարել է ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով, ՀՀ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ, որոնց համար պետք է կրի քրեական պատասխանատվություն:


Դատարանը ղեկավարվելով ՀՀ ՔՕ-ի 10-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 2-րդ մասի, 66-րդ մասի սկզբունքներով վերջնական պատիժ նշանակում է ՀՀ ՔՕ-ի 66 հոդվածի կանոններով: ՌԴ 5-րդ կայազորային ռազմական դատարանը Գյումրիում մեկ տարի առաջ վճռեց Վալերի Պերմյակովին դատապարտել խիստ ռեժիմով 10 տարվա ազատազրկման` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով: Ուստի դատարանը գտնում է , որ նշված պատժի կրած մասը ՀՀ ՔՕ-ի 66-րդ հոդվածի 6-րդ կետի կանոններով պետք է հաշվակցել և կլանել նշված պատժի մեջ: Խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ:


Դատարանը գտնում է, որ զորամասին պատկանող իրեղեն ապացույցները կվերադարձվեն զորամասին, տուժողներին վերաբերող իրեղեն ապացույցները կվերադարձվեն տուժող կողմին, Պերմյակովին վերաբերող իրեղեն ապացույցները կվերադարձվեն Պերմյակովին, իսկ մնացածը կոչնչացվեն:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դատարանը վճռեց ամբաստանյալ Վալերի Պերմյակովին հանցավոր ճանաչել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով, ՀՀ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:


ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով նրան դատապարտել ցմահ ազատազրկման, ՀՀ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով նրան դատապարտել ազատազրկման 10 տարի ժամկետով, ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նրան ազատազրկել 2 տարի ժամկետով: ՀՀ ՔՕ-ի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով նշանակված պատժի` ցմահ ազատազրկման մեջ կլանել ՀՀ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով սահմանված 10 տարի ազատազրկումը և ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով 2 տարի ազատազրկումը և վերջնական պատիժ սահմանել ցմահ ազատազրկումը: ՌԴ կայազորի ռազմական դատարանի 12.08.2015 թվականի դատավճռով Պերմյակովի նկատմամբ նշանակված 10 տարի ժամկետով պատիժը ՀՀ ՔՕ-ի 66-րդ հոդվածի 6-րդ կետի կանոններով կլանել նշանակված պատժի մեջ և վերջնական պատիժ սահմանել ցմահ ազատազրկումը: Վերջնական պատիժը կրելու սկիզբը հաշվել 2015 թվականի հունվարի 13-ը»։


Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ: