Լեհաստանի արտգործնախարարը «հետախուզական առաքելությամբ» կայցելի Անկարա
Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկին հայտարարել է, որ կայցելի Թուրքիա այսպես կոչված «հետախուզական առաքելությամբ», որի նպատակն է պարզել, թե ինչպես է Անկարան պատրաստվում զարգացնել հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, գրում է РИА Новости-ն:
«Դա եռակողմ հանդիպում է: Մի քանի ամիս առաջ ես սկսել եմ Վարշավայում եռակողմ հանդիպումների շարք, մենք դրանք անվանել ենք արևելյան եռյակի հանդիպումներ՝ Լեհաստան-Ռումինիա-Թուրքիա»,- ասել է նա:
Լեհաստանի արտգործնախարարի խոսքերով՝ նա ռումինացի իր գործընկերոջ հետ ցանկանում է այցելել Թուրքիա՝ խոսելու համար տեղի իշխանությունների հետ ներկայիս իրավիճակից և թուրքական կառավարության քաղաքականության հետագա ծրագրերից:
«Ինչպե՞ս են նրանք վերաբերվում Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հետագա կապերին, որովհետև դա շատ կարևոր խնդիր է մեզ համար: Ցանկանո՞ւմ են նրանք շարունակել գործել ՆԱՏՕ-ում, ինչպիսի՞ն են հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք այժմ նոր բնույթ են ստանում»,- ասել է նա:










