Կենտրոնական Իտալիայում նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել. երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի

18:22 • 24.08.16

Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ժամանակով 14:00-ին (երևանյան ժամանակով` 16:00) երկրորդ ստորգետնյա ցնցումն է տեղի ունեցել` 4.9 մագնիտուդ ուժգնությամբ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության մամուլի հաղորդագրությունը, երկրային մակերեսի տատնումները նկատվել են Արկուատա դել Տրոնտո շրջանում, որտեղ նախորդ գիշեր տեղի ունեցած 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 3 մարդ էր զոհվել:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` այն շրջանում, որտեղ տեղակայվել է տարերային աղետից տուժածների համար նախատեսված ժամանակավոր ճամբարը, խուճապ է սկսվել:

Օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ, կենտրոնական Իտալիայում մոտ 20 կրկնակի ստորգետնյա ցնցումներ (հետցնցումներ) են տեղի ունեցել:

Առաջին ստորգետնյա ցնցումը նախորդ գիշեր տեղի ունեցել 03:36-ին  (երևանյան ժամանակով` 05:36): Երկրաշարժի էպիկենտրոնը Լացիո մարզի Ակկումոլի քաղաքում է եղել:

Մեկ ժամ անց Ումբրիա մարզում ևս մեկ ցնցում էր տեղի ունեցել` 5.4 մագնիտուդ հզորությամբ: Երկրի տատանումները զգացվել են նաև Հռոմում, Ֆլորենցիայում և Բոլոնյեում:

Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, հասել է 45-ի: