Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից. Չավուշօղլու

14:39 • 24.08.16

Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: Այդ մասին Անկարայում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է РИА Новости-ն:

 

«Սիրիայի քրդական ուժերը պետք է հեռանան Եփրատից արևմուտք ընկած հատվածներից և գնան արևելք: Եթե դա չիրականանա, Անկարան կանի անհրաժեշտ ամեն բան»,- ասել է Չավուշօղլուն:

 

Թուրքիայի բանակը չորեքշաբթի առավոտյան միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ ռազմական գործողություն է սկսել Ջերաբլուսի ազատագրման համար: