Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալով կրկին առաջ է անցել Ռուսաստանից

20:55 • 25.08.16

Սաուդյան Արաբիան կրկին առաջ է անցել Ռուսաստանից նավթի արդյունահանման միջին օրական ծավալով: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին վկայում են Ռոսստատի հրապարակած վերջին տվյալները:

Հունիսի տվյալներով՝ Ռուսաստանն օրական 10 136 մլն բարել նավթ է արդյունահանել, իսկ Սաուդյան Արաբիան` 10 308 մլն բարել: ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) ընդհանուր արդյունահանման ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է օրական 32 858 մլն բարել:

Ռուսաստանից նավթի արտահանման ծավալը կես տարում աճել է 6 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել է 127.8 մլն տոննա: Նավթի արտահանման տեսակարար կշիռը ռուսական արտահանման ընդհանուր ծավալում 6 ամսվա կտրվածքով կազմել է 25.4 տոկոս, իսկ վառելիքաէներգետիկ ապրանքների արտահանման ծավալում` 43.2 տոկոս:

Նավթի արտահանման միջին փաստացի գինը հունիսին կազմել է 309.6 դոլար` մեկ տոննայի դիմաց, որը մայիսի համեմատ 6.8 տոկոսով ավելի բարձր է: