Երևանյան շենքերից մեկի նկուղում հրթիռային արկ է հայտնաբերվել

18:27 • 25.08.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 25-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 4 շենքի նկուղային հարկում ականանման առարկա է հայտնաբերել և շենքից դուրս բերել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկի հրամանատարի տեղակալը, ինչպես նաև ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային խումբը:

Պարզվել է, որ քաղաքացիները շենքի նկուղում հայտնաբերել են «БМ-22» հրթիռային արկ և տեղափոխել բակ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային խումբը վնասազերծել է արկը և տեղափոխել Արմավիրի զորավարժադաշտ: