Իրաքցի զինվորականներն ազատագրել են Ալ Կաիրա քաղաքն ԻՊ-ի գրոհայիններից

18:44 • 25.08.16

Իրաքցի զինվորականներն ամբողջությամբ ազատագրել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ալ Կաիրա քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Երկրի վարչապետ Հեկդար ալ Աբադին հայտարարել է, որ քաղաքի գրավումը դարձել է «կարևոր քայլ» դեպի Մոսուլ քաղաքը, որտեղ կենտրոնացած են ԻՊ-ի գրոհայինները:

Ալ Կաիրի ազատագրման գործողությունները սկսվել են մեկ շաբաթ առաջ: Ընդ որում՝ մեկ ամիս առաջ իրաքցի զինվորականներին հաջողվել է ԻՊ-ի ահաբեկիչներից հետ ստանալ քաղաքի մոտակայքում գտնվող ռազմաօդային բազան:

Նշվում է, որ Իրաքի իշխանությունները մտադիր են մինչև այս տարվա վերջ վերադարձնել Մոսուլը պետության հսկողությանը: