Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 13-ի

08:46 • 25.08.16

Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 7 ուսանող, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

 

Մահացածների թվում են համալսարանի անվտանգության երեք աշխատակից և երեք ոստիկան:

 

Սպանվել են նաև հարձակումն իրականացրած երկու գրոհայինները: Այժմ համալսարանն ամբողջությամբ ազատվել է հարձակվողներից:

 

Համալսարանի շենքի վրա հարձակումն իրականացվել է չորեքշաբթի օրը՝ տեղի ժամանակով մոտ 19:00-ին: Շենքի մոտակայքում նախ հզոր պայթյուն է լսվել, իսկ այնուհետև շենքի ներսում և դրսից կրակոցներ են սկսվել:

 

Համալսարանի շատ ուսանողներ և դասախոսներ արգելափակված են մնացել լսարաններում:

 

Շենքի ազատագրման գործողությունը տևել է մոտ 10 ժամ:

 

Քաբուլի ոստիկանության ղեկավարը հայտնել  է, որ հաջողվել է փրկել 750 ուսանողի և համալսարանի աշխատակիցներին: Վիրավորվել է 35 ուսանող և 9 ոստիկան: