ՌԴ զինված ուժերում մարտական պատրաստության անսպասելի ստուգում է սկսվել

11:10 • 25.08.16

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ հայտարարել է Զինված ուժերի մարտական պատրաստության անսպասելի ստուգում, որը կանդրադառնա Հարավային, Արևմտյան և Կենտրոնական շրջաններին, Հյուսիսային նավատորմին, ինչպես նաև Օդատիեզերական ուժերին և Օդադեսանտային ուժերին: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է РИА Новости-ն:

 

Զուգահեռաբար, Շոյգուի խոսքով, Հարավային ռազմական շրջանում արդեն ընթանում են «Կովկաս-2016» ռազմավարական զորավարժությունների ակտիվ պատրաստությունները, արդեն իրականացվել է հրամանատարա-շտաբային մարզումների համալիրը:

 

«Հարավային շրջանի զորքերը, Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների ուժերի և միջոցների մի մասը, Հյուսիսային նավատորմը, Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարությունը, Օդադեսանտային զորքերը Մոսկվայի ժամանակով 07:00-ից բերվում են «Ամբողջական» մարտական պատրաստության»,- հայտարարել է Շոյգուն ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում: