Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանն առողջական խնդիրներ ունի. նրան չեն տանում դատական նիստերի
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի, դժվարությամբ է քայլում: Այս մասին այսօրվա դատական նիստում դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասաց Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյանը:
«Հիմա ավելի է բարդացել վիճակը, դեղեր ենք տարել, չի օգնել: Բժիշկ են կանչել, որն այնքան էլ ստույգ ոչինչի չի ասել, միայն նշել է, որ վիրահատության կարիք չկա, բարդություններ չկան, բայց նորից ենք ուզում բժիշկ տանենք, որպեսզի նորմալ բուժում նշանակեն: Քայլել կարողանում է, բայց քայլելիս ցավեր ունի»,- մանրամասնեց ակտիվիստի մայրը:
Պաշտպան Տիգրան Հայրապետյանը հաստատեց, որ Գևորգ Սաֆարյանն առողջական խնդիրներ ունի:
«8 օր առաջ, որ հանդիպել եմ, ավելի դժվար էր քայլում, հետո էլ ասացին, որ կարող է՝ ոտքը թարախակալել է: Դիմել եմ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին, դիմել եմ իրենց ՔԿՀ-ի ղեկավարին, մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի շտապ միջոցներ ձեռնարկեն, նրան տեղափոխեն հիվանդանոց, նախ՝ ախտորոշում ստանալու, հետո բուժումը շարունակելու համար: Պատասխան եմ ստացել, որ դիմումը քննարկման ընթացքում է»,-ասաց պաշտպանը:
Մինչ այդ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր կրկին հետաձգեց Սաֆարյանի գործով դատական նիստերը: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն առանց դատավարության կողմերի և ամբաստանյալի ներկայության հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է՝ ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի չներկայանալու պատճառաբանությամբ:
Դահլիճում գտնվող Սաֆարյանի համակիրների հարցին, թե ինչո՞ւ դատարան չի բերվել Գևորգ Սաֆարյանը, Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ պատճառների մասին տեղյակ չէ:










