Ակցիա՝ հաջակցություն «Սասնա ծռերի». մասնակիցները ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանից պահանջում են ցած իջնել և խոսել իրենց հետ

16:35 • 25.08.16

Հաջակցություն «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության մուտքի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանք պահանջում են անհապաղ համապատասխան բուժօգնություն, խնամք և պայմաններ ապահովել «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին:

Քրեակատարողական հիմնարկների վարչության Արթուր Օսիկյանի անունից հավաքվածներին առաջարկվեց բարձրանալ և հետաքրքրվող հարցերն ուղղել անձամբ իրեն: Հավաքվածները նախ չհամաձայնեցին և պահանջեցին, որ նա ինքը իջնի, ապա որոշվեց 3 հոգի՝ մեկ լրատվամիջոցի հետ գնան և խոսեն:

Մինչդեռ քիչ հետո պարզ դարձավ, որ հանդիպումը կկայանա առանց լրատվամիջոցի, ինչին էլ դեմ էին հավաքվածները:

«Պահանջում ենք՝ պարոն Օսիկյանը իջնի: Մենք ևս մեկ զիջման գնացինք, երեք հոգի մեկ լրատվամիջոցով համաձայնեցինք, բայց այդ պահանջն էլ չեն բավարարում։ Եթե դա էլ չի բավարարվում, պահանջում ենք, որ բարեհաճի ներքև իջնել»,-ասաց հավաքվածներից մեկը:

Նշենք, որ ըստ հայտարարության՝ մասնակիցներն այնուհետև երթով կշարժվեն դեպի «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ այժմ գտնվում են վիրավորները։ Երթը կշարունակվի դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ արտահայտելու իրենց բողոքը «Նոր Հայաստանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանավորման դեմ։