Սիրիայում գործողությունը ցուցադրում է Էրդողանի արտաքին քաղաքականության վերագործարկումը. WSJ
Սիրիայում գործողությունը ցույց է տալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության վերագործարկումը, գրում է The Wall Street Journal-ը:
Թերթի կարծիքով՝ Էրդողանը ձգտում է վերջ դնել միջազգային մեկուսացման երկարատև ընթացին, որը վնաս է հասցնում տնտեսությանն ու անվտանգությանը, և մերձենալ այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին է ԱՄՆ-ն:
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ վերագործարկումը նշանակում է դիվանագիտությանն ավելի պրագմատիկ մոտեցման ընդունում: Նրանք հայտարարել են, որ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ձգտումն օգնել է ճանապարհ հարթել Ռուսաստանի հետ հաշտեցման ուղղությամբ, իսկ հաջորդ քայլը լինելու է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացումը: Թուրքիան հույս ունի միջնորդ դառնալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև, պնդում է աղբյուրը:
Ռազմական գործողությունն ընդգծում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի հետ Թուրքիայի ընդհանուր նպատակները Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում, ասված է հոդվածում:
Թերթը որպես պատճառներից մեկը նշում է Վաշինգտոնում և Անկարայում տիրող այն զգացողությունը, որ Սիրիայի քրդերը խախտել են պարտավորությունը՝ չափազանց մեծ տարածք զբաղեցնելով Թուրքիայի սահմանի երկայնքով: Պաշտոնատար անձինք ասում են, որ պատրաստ են աչք փակել դիվանագիտական բազմաթիվ հարցերի վրա, եթե դաշնակիցներն իրենց աջակցեն քրդական հարցում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակը չորեքշաբթի առավոտյան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում Ջերաբլուս քաղաքի ազատագրման համար՝ միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել ԻՊ խմբավորման գրոհայինների դիրքերին, հարվածներ են իրականացվում նաև տանկերից և հրետանիից:










