Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի հրամանատարը Ջերաբլուսում է. լրատվամիջոցներ
Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի հրամանատար Զեքայի Աքսաքալըն ժամանել է սիրիական Ջերաբլուս քաղաք, հայտնում է Hurriyet թերթը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրների:
Նշվում է, որ Աքսաքալըն քաղաքում ստուգումներ է անցկացնում և հանդիպում է «Սիրիական ազատ բանակի» հրամանատարների հետ, որի ուժերը Թուրքիայի ԶՈՒ-ի աջակցությամբ նախօրեին ազատագրել են Ջերաբլուսն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից:
Թուրքիայի բանակը չորեքշաբթի օրը ռազմական գործողություն է սկսել Սիրիայի Ջերաբլուս քաղաքի ազատագրման ուղղությամբ՝ միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել ԻՊ խմբավորման գրոհայիններին՝ կրակելով նաև տանկերից և հրետանիից: Ջերաբլուսն անցել է ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» հսկողության տակ:










