ՌԴ ձեռնարկատերերի պաշտպանն առաջարկել է փոխել վարկային քաղաքականությունը՝ սնանկացած գործարարի կողմից բանկը գրավելուց հետո

20:12 • 25.08.16

Գործարարի կյանքում ստեղծված իրավիճակը չի կարող արդարացում լինել պատանդներ վերցնելու համար, ինչը տեղի է ունեցել նախօրեին, սակայն այս դեպքը վկայում է երկրում վարկային քաղաքականության բարեփոխման անհրաժեշտության մասին:

INTERFAX.RU-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել ՌԴ ձեռնարկատերերի իրավունքների լիազոր պաշտպան Բորիս Տիտովը` մեկնաբանելով հայազգի գործարար Արամ Պետրոսյանի կողմից մոսկովյան բանկի մասնաճյուղը գրավելու փաստը:

Գործարարների իրավունքների պաշտպանն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է այցելել Արամ Պետրոսյանին, երբ կորոշվի նրա նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցը:

Նրա խոսքով` Պետրոսյանի դեպքը փաստում է, որ ձեռնարկատերերը տառապում են չափազանց բարձր տոկոսադրույքներից և բիզնեսի հանդեպ աճող ճնշումից: «Սնանկացումը ծանր սթրես է գործարարի, նրա հարազատների և բոլոր աշխատակիցների համար», - ընդգծել է Տիտովը:

Հիշեցնենք, որ հայազգի գործարարը երեկ երեկոյան գրավել էր Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղը` ցանկանալով բարձրաձայնել իր սնանկացման մասին: Ավելի ուշ նա հանձնվել է և ընդունել իր մեղքը: