Թուրքիան ևս մի տանկային ստորաբաժանում է ուղարկել Սիրիա

11:50 • 25.08.16

Թուրք զինվորականները ևս մի տանկային ստորաբաժանում են ուղարկել Սիրիայի հյուսիս, որտեղ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողություն է իրականացվում, հայտնում է France-Presse-ը:

 

Թուրքիայի բանակը չորեքշաբթի առավոտյան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում Ջերաբլուս քաղաքի ազատագրման համար՝ միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել ԻՊ խմբավորման գրոհայինների դիրքերին, հարվածներ են իրականացվում նաև տանկերից և հրետանիից:

 

«Առնվազն ևս 10 տանկ հինգշաբթի օրը հատել է սիրիական սահմանը»,- ասված է գործակալության հաղորդագրությունում: Գործակալության տվյալներով՝ այդ տանկերը կմիանան մեկ այլ տանկային խմբի, որը Սիրիայի սահմանը հատել է նախօրեին:

 

Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով ռազմական աղբյուրների, ավելի վաղ հայտնել են, որ տեղի ունեցողը Սիրիայում ցամաքային գործողություն չէ, թուրքական և կոալիցիոն ուժերի գործողությունների նպատակը միջանցք բացելն է սիրիական «չափավոր ընդդիմության» համար՝ ահաբեկիչներից Ջերաբլուսը մաքրելու նպատակով: