Եվս մեկ թուրք գեներալ փախել է Հունաստան

21:02 • 25.08.16

Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայից փախած բարձրաստիճան զինվորականների թվին ավելացավ ևս մեկը. գեներալ Նուման Յեդիյըլդըզը փախուստ է կատարել դեպի Հունաստան: Այս մասին հաղորդում է «Սաբահ» թերթը: 

Այսպիսով՝ փախստական դարձած թուրք գեներալների թիվը հասավ 130-ի:

Հեղաշրջումից հետո երկիրը լքած բարձրաստիճան զինվորականները հիմնականում ապաստանել են Բուլղարիայում, Հունաստանում, Մակեդոնիայում, Իտալիայում և Ռումինիայում: 

Թերթը հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունը դեռևս  չի կարողանում տեղեկություններ ստանալ ևս 10 գեներալների գտնվելու վայրի վերաբերյալ: 

Ներկայում Թուրքիայի կառավարությունը բանակցություններ է վարում Հունաստանի կառավարության հետ ՝ 8 գեներալների արտահաձնման խնդրի շուրջ: 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: