ՌԴ Վորոնեժի մարզում ՃՏՊ-ի 2 զոհերը և 2 վիրավորները ՀՀ քաղաքացիներ են

17:12 • 25.08.16

ՌԴ Վորոնեժի մարզում երեկ տեղի ունեցած ՃՏՊ-ի 2 զոհերը և 2 վիրավորները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և հիշեցնում, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 06.21-ին, ՌԴ Մ-4 ԴՈՆ Մոսկվա-Նովորոսիյսկ մայրուղու 602 կմ-ին՝ Վորոնեժի մարզի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, AA34KZ986 պետհամարանիշով «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մանուկ Պետրոսի Պետրոսյան, ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Մ. Պետրոսյանը և ուղևոր Գագիկ Ժիրայրի Հակոբյանը (ծնվ. 1981թ.) մահացել են:

Իսկ ուղևորներ Ա.Վ. Էդոյանը (ծնվ. 1981թ.) և Ռոման Ժիրայրի Հակոբյանը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են Վորոնեժի մարզի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տուժած ՀՀ քաղաքացիներին սպասարկող բուժանձնակազմի հետ, և նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ:

ՀՀ ԱԳՆ-ից խորին ցավակցություն են հայտնում զոհված քաղաքացիների հարազատներին և բարեկամներին: