Լեհաստանում մեքենաների մասերից Bugatti-ի և Lamborghini-ի կրկնօրինակներն են հավաքել (լուսանկարներ)
Լեհական «Պողպատե ֆիգուրների պատկերասրահը» ցուցադրություն է կազմակերպել, որը ներկայացնում է ավտոմեքենաների անպետք մասերից հավաքված ժամանակակից սուպերքարերի և անցյալի լեգենդար ավտոմեքենաների, այդ թվում` Bugatti Veyron-ի և Lamborghini Aventador-ի կրկնօրինակները:
Ինչպես նշում է motor.ru-ն, նմուշների ստեղծման համար օգտագործված մետաղի ջարդոնը բերվել է Պրուշկուվ քաղաքի աղբավայրից։ Ի դեպ, հենց այդ քաղաքում էլ գտնվում է պատկերասրահը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նմուշները հավաքել են ամբողջ աշխարհից ժամանած 50 արվեստագետներ: Ցուցահանդեսի տերը տեղացի գործարար Մարիուշ Օլեյնիկն է, ով Լեհաստանում հայտնի է Jose Angel մականվամբ: Ավտոմեքենաներից բացի՝ նա պատկերասրահում ցուցադրում է մեքենաների մասերից հավաքված տրանսֆորմերների ու տարբեր կինոհերոսների քանդակներ:





















