Ցուկերբերգը Հռոմի պապին արևային մարտկոցներով աշխատող անօդաչու սարք է նվիրել
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն Իտալիա այցի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապին արևային մարտկոցներով աշխատող անօդաչու սարքի մոդել է նվիրել, որը կարող է համացանցի հասանելիություն ապահովել աշխարհի անգամ ամենահեռավոր կետերում:
Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում՝ հրապարակելով Հռոմի պապ հետ լուսանկարը, գրում է gazeta.ru-ն:
«Մենք նաև քննարկել ենք մարդկանց միջև կապի կարևորությունը, հատկապես՝ աշխարհի այն հատվածներում, որտեղ չկա ինտերնետի հասանելիություն: Մենք նվիրեցինք նրան արևային մարտկոցներով աշխատող մեր անօդաչու սարքի՝ Aquila-ի մոդելը, որն ինտերնետի հասանելիություն է ապահովելու այն վայրերում, որտեղ այն չկա»,- գրել է Ցուկերբերգը:
Նա նշել է, որ դա հանդիպում է, որը «մենք երբեք չենք մոռանա», և որ կնոջ հետ իրենք զգացել են, թե որքան շատ է Հռոմի պապը մտածում մարդկանց օգնելու մասին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ցուկերբերգը կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին:











