Շրիլանկացի աշակերտը կոտրել է երկրի նախագահի կայքը` քննությունները հետաձգելու համար
Շրի Լանկայի Կադագանավա քաղաքի դպրոցներից մեկի 17-ամյա աշակերտը երկու անգամ կոտրել է երկրի նախագահի կայքը քննությունների ամսաթիվը փոխելու համար:
Ինչպես տեղեկացնում է Daily News-ը՝ հաքերային հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին: Կայքի գլխավոր էջում սինգալյան լեզվով հաղորդագրություն է հայտնվել, որում «Շրի Լանկայի երիտասարդություն» խմբավորումը դժգոհություն է հայտնել, որ քննությունները հանձնելու ամսաթիվը համընկնել է սինգալյան և թամիլյան Նոր տարվա տոնակատարության հետ:
Մի քանի ժամ անց կայքը կրկին աշխատել է նորմալ ռեժիմով: Նախագահի կայքը կրկին կոտրվել է օգոստոսի 27-ին: Երկրորդ անգամ հայտնվել է նույն հաղորդագրությունը անգլերենով:
Ոստիկանությունն ավելի ուշ ձերբակալել է դպրոցականին, ով պատասխանատու է եղել կայքի կոտրման համար:










