Գիտնականները պարզել են, որ շները հասկանում են այն ամենն, ինչ ասում ենք իրենց
Գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել` ցույց տալով, որ շները հասկանում են այն ամենն ինչ իրենց ասում ենք: Բացի հնչած բառերի նշանակությունից, նրանք ընկալում են նաև մարդու ձայնի ինտոնացիան:
Ինչպես նշվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում, գիտնականների անցկացրած հետազոտությունը, որին 13 շուն է մասնակցել, ցույց է տվել, որ հավատարիմ կենդանիները բառերը ճանաչելու համար օգտագործում են ուղեղի այն նույն հատվածը, ինչ և մարդը:
Փորձի մասնակից շներին սովորեցրել են անշարժ պառկել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ կատարող սարքում, որտեղ նրանք լսում էին իրենց տերերի ձայները: Նրանք լսում էին դրական ինտոնացիայով արտաբերած գովեստի խոսքերը, ապա նույն բառերը` արտասանված չեզոք ինտոնացիայով:
Պարզվել է, որ շների ուղեղի ձախ կիսագունդը կարողանում է հասկանալ բառերի իմաստը և ընկալել դրանք` առանց ինտոնացիային ուշադրություն դարձնելու: Մինչդեռ աջ կիսագունդը պատասխանատու է ինտոնացիայի ընկալման համար:
Գիտնականների խոսքով` շան ուղեղը ոչ միայն հասկանում է մեր արտաբերած բառերի նշանակությունը, այլև երկու տիպի տեղեկատվություն է մշակում` մեկ ամբողջական իմաստ հաղորդելու համար:










