Mercedes-ը մտադիր է 1500 ձիաուժ հզորությամբ մեքենա ստեղծել` AMG մոդելի 50-ամյակի առթիվ

23:37 • 31.08.16

Mercedes-AMG ընկերությունը մտադիր է նորագույն սուպերքար թողարկել, որը կհամալրվի «Ֆորմուլա-1»-ի Mercedes-Benz W07 Hybrid բոլիդի 1.6 լիտր ծավալային V6 տուրբոշարժիչով: Motor.ru-ի հաղորդմամբ` ներկա պահին մոդելը գտնվում է դիզայնի հաստատման փուլում:

Mercedes-Benz W07 Hybrid բոլիդով մրցելույթ են ունենում «Ֆորմուլա-1»-ի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը և գերմանացի Նիկո Ռոսբերգը:

Չի բացառվում, որ ճանապարհային երթևեկության համար նախատեսված մոդելի շարժիչի աշխատանքային ծավալը կմեծացվի մինչև 2 լիտրի: Մեքենայի ուժային համակարգի կազմում կընդգրկվեն նաև 160 ձիաուժ ընդհանուր հզորությամբ էլեկտրաշարժիչներ: Այսպիսով, մեքենան կստանա լիաքարշակ համակարգ:

Mercedes-AMG-ի նորագույն մեքենայի ընդհանուր հզորությունը կկազմի 1000-1500 ձիաուժ, որից 900-ը կլինի ներքին այրման շարժիչի հզորությունը: Նախատեսվում է, որ մեքենան 100 կմ/ժամ արագությունը կզարգացնի 2.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կլինի 350 կմ/ժամ:

Աղբյուրի տվյալներով` մեքենան կարող է ներկայացվել 2017-ին` Mercedes-AMG-ի 50-ամյակի առթիվ: Այն նախատեսվում է թողարկել 50 օրինակով, որի արժեքը մոտավորապես կկազմի 4 մլն եվրո:

 

 

Mercedes-ը մտադիր է 1500 ձիաուժ հզորությամբ մեքենա ստեղծել` AMG մոդելի 50-ամյակի առթիվ