Բրիտանացի վիրաբույժը ստեղծել է կատարյալ դիմագծերով կնոջ դեմք
Բրիտանացի պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան կազմել է կատարյալ կնոջ դիմանկարը` օգտագործելով հայտնիների դիմագծերը, որոնք ամենաշատն են «պատվիրել» իր այցելուները, գրում է Лента-ն:
Կատարյալ գեղեցկուհու ֆոտոռոբոտը ստեղծելու համար Centre for Advanced Facial Cosmetic and Plastic Surgery լոնդոնյան կլինիկայից բժիշկը վերլուծել է վերջին 10 տարիներին իր մոտ եկած կանանց պահանջները` ընտրելով ամենահայտնիները: Նա ուսումնասիրել է հազարավոր կանանց դեպքեր:
Բժիշկը պարզել է, որ առավել հաճախ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները խնդրել են այնպիսի քիթ, ինչպիսին Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնինն է:
Վիրաբույժի այցելուները ցանկացել են նաև այնպիսի կոպեր և աչքերի կտրվածք, ինչպիսին դերասանուհի Կիրա Նայթլիին է, Ջենիֆեր Լոպեսի ունքերը և Պենելոպե Կրուսի շուրթերը: Բացի այդ, կանայք պարբերաբար «պատվիրել» են Անջելինա Ջոլիի այտոսկրերը, Մայլի Սայրուսի ճակատը, Սելենա Գոմեսի կզակը, Շերի ծնոտը և Ռիզ Ուիզերսպունի մաշկը:
Դե Սիլվան նշել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ կանայք ցանկանում են նմանվել աստղերին: Ավելին, խնդրի հստակ ձևակերպումը հեշտացնում է վիրաբույժի աշխատանքը:










