Գիտնականները հայտնաբերել են դեղամիջոց, որը կարող է նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության հետևանքները

13:05 • 02.09.16

Շվեյցարացի ու ամերիկացի գիտնականները նորարարական դեղամիջոց են սինթեզել, որը կարող է քայքայել Ալցհեյմերի հիվանդություն հարուցող սպիտակուցները: Փորձի արդյունավետությունը պարզաբանվել է հեղինակավոր Nature գիտական ամսագրում:

 

Ինչպես նշում է West Info-ն, դեղամիջոցի սինթեզման ընթացքում օգտագործված aducanumab կոչվող հակամարմինը հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել ամիլոիդ սպիտակուցի արտադրությունը գլխուղեղում, որը և պատասխանատու է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ու զարգացման համար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ չնայած նախնական փորձարկումների ընթացքում դիտվող դրական միտումներին` դեռևս չի կարելի համոզվածությամբ խոսել դեղամիջոցի արդյունավետության մասին: Գիտնականների խոսքերով` դեղամիջոցը գտնվում է փորձարկման վաղ փուլում, և դեռևս հայտնի չէ, թե արդյոք այն կշարունակի դրական ազդեցություն ունենալ հիշողության վերականգնման գործընթացում:

 

Նշենք, որ Ալցհեյմերի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություն է, որը բացասաբար է ազդում գլխուղեղի նյարդային բջիջների վրա` առաջացնելով հիշողության ու խոսելու հմտության կորուստ:

Գիտնականները հայտնաբերել են դեղամիջոց, որը կարող է նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության հետևանքները