Եվրախմբի ղեկավարը դատապարտել է Apple-ի արձագանքը հարկերի վճարման մասին Եվրահանձնաժողովի որոշմանը
Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը հայտարարել է, որ Apple կորպորացիան չի հասկացել հարկերի վճարման վերաբերյալ իր պարտականությունները, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հետաքննության արդյունքներով Եվրոպական հանձնաժողովը եկել է եզրակացության, որ Իռլանդիան Apple-ին չարդարացված հարկային արտոնություններ է տրամադրել, ինչի հետևանքով երկիրը չի ստացել 13 միլիարդ եվրոյի հարկ: Այժմ կորպորացիան պետք է վերադարձնի երկրին 2003-2014 թվականների ընթացքում չվճարված հարկերը:
Այդ որոշումից հետո ընկերության պաշտոնական կայքում հայտնվել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկի հայտարարությունը, որում նա հայտնել է, որ Եվրահանձնաժողովի որոշումը բացասաբար կանդրադառնա Եվրոպայում ներդրումների և աշխատատեղերի ստեղծման վրա: Նա կարծիք է հայտնել, որ Եվրահանձնաժողովը «հետին թվով փորձում է փոխել ԵՄ երկրներում հարկային օրենքները»:
«Apple-ի արձագանքը ցույց է տալիս, որ նրանք չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում հանրության մեջ»,- ասել է Դեյսելբլումը: Նա նշել է, որ խոշոր ընկերությունները չեն կարող խուսափել հարկեր վճարելու պահանջներից:










