ՏՏ ոլորտի վերլուծաբանը նոր մանրամասներ է ներկայացրել iPhone 7-ի վերաբերյալ
Մինչ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նախապատրաստվում է 7-րդ սերնդի iPhone-ի երկար սպասված ու քննարկված շնորհանդեսին, համացանցը շարունակում է ողողվել բաղձալի սմարթֆոնի վերաբերյալ արտահոսած տեղեկություններով:
The Verge կայքը ներկայացրել է ՏՏ ոլորտի վերլուծաբան Մին-չի Կուոյի կանխատեսումները, որոնք վերաբերում են iPhone 7-ին: Աղբյուրը նկատում է, որ Կուոյի կանխատեսումները տարիներ շարունակ ճշգրիտ են եղել ու չեն հակասել իրական արտադրանքի բնութագրին:
Ըստ վերլուծաբանի՝ նոր iPhone-ը հասանելի կլինի 5 տարբեր գունային լուծումներով՝ վարդագույն, ոսկեգույն, արծաթագույն, մոխրագույն և սև:
Մոդելները կունենան 32, 128 և 256 Գբ ծավալով ներքին հիշողություն, մինչդեռ օպերատիվ հիշողության ծավալը կլինի 2 Գբ: Սակայն iPhone 7 Plus-ի դեպքում այդ ցուցանիշը կհասնի 3 Գբ-ի:
Բացի այդ, կբարելավվեն սմարթֆոնի տեսախցիկի տեխնիկական որակները: Հեռախոսը կլինի ջրակայուն, կզրկվի ականջակալների միացման համար նախատեսված անցքից:










