Ռոբոտաշինությամբ զբաղվող հայ դպրոցականների նվաճումները The Guardian պարբերականում (լուսանկարներ)
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականում ուշագրավ անդրադարձ է հրապարակվել ռոբոտաշինությամբ զբաղվող հայ դպրոցականների մասին։ Մասնավորապես՝ ներկայացվում են նրանցից 2-ի ձգտումներն ու այդ ճանապարհին գրանցած հաջողությունները:
Անդրադարձի հեղինակ Սուրեն Ստեփանյանը սկզբում պատմում է ջերմային ազդակներով ու առաջադեմ այլ տեխնոլոգիաներով համալրված ռոբոտ հրշեջի մասին, որը հանդիսանում է ոչ թե փորձառու ինժեներների, այլ՝ հայ դպրոցականներ Ռաֆայել (18տ.) և Սահակ (14տ.) Սահակյանների մտքի թռիչքը:

«Սա մեկն է այն մի քանի հայտնագործություններից, որոնք արվել են Հայաստանի երիտասարդական ռոբոտաշինության ծրագրի շրջանակում»,-նշում է հեղինակը՝ մանրամասնելով, որ ծրագրի նպատակն է մինչ 2019թ. ինժեներական խմբակներ ստեղծել յուրաքանչյուր դպրոցում:
Հայտնի է, որ ներկայում երկրի տարածքում արդեն գործում է 121 արտադասարանային խմբակ՝ նախատեսված 12-18 տարեկանների համար: Կառավարությունը լիահույս է, որ այս ծրագիրը կբարելավի ինժեներական կրթության որակն ու կքաջալերի ապագա գյուտարարներին:
Վերադառանալով դեռահաս գյուտարարներին՝ Սահակյան եղբայրներին՝ հեղինակը նշում է, որ նրանք սովորում են Հայաստանի ամենաաղքատ քաղաքներից մեկում՝ Գյումրիում, որտեղ ավելի քան 20 աշակերտ ամեն շաբաթ դասերից հետո ռոբոտաշինություն է ուսումնասիրում:
Հայտնի է, որ եղբայրների ռոբոտը մասնակցելու է ամեն տարի Հայաստանում անցկացվող ռոբոտաշինության մրցույթին, որի շրջանակում դպրոցականները մրցում են մեկը մյուսի հետ:
«Սա հեշտ աշխատանք չէր: Մենք պետք է կյանքի կոչեինք մետաղի սովորական կտորը: Ամեն օր մենք նոր լուծումներ էինք փնտրում ռոբոտը կատարելագործելու համար: Իհարկե, բազմաթիվ ձախողումներ էլ են եղել, բայց մենք լիահույս ենք, որ մոտ ապագայում ռոբոտը կհասցնենք կատարելության ու կմասնակցենք մրցույթին»,- նշել է Սահակը:

Տղաների ուսուցիչը՝ Ռաֆայել Հեքիմյանը, կարծում է, որ տվյալ նախագիծն օգնում է երեխաներին զարգացնել անկախ մտածողությունն ու նպաստում է ինժեներների նոր սերնդի ձևավորմանը:
«Բնական հարուստ պաշարներ չունեցող Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսությունը զարգացնելու լավ հնարավորություն են»,-նշել է մասնագետը:












