iPhone 7 Plus-ի առաջին խմբաքանակը նախապատվերների արդյունքում արդեն սպառվել է. Apple
Apple ընկերության նոր արտադրանքի՝ iPhone 7 Plus-ի առաջին խմբաքանակը սպառվել է մինչ Apple-ի խանութներում սմարթֆոնների վաճառքի մեկնարկը։ Այդ մասին հայտարարել է Apple ընկերությունը, գրում է Reuters-ը։
Ընկերությունը հայտնել է, որ սպառվել են iPhone 7 Plus-ի բոլոր երանգները, ինչպես նաև նոր «փայլուն սև» գույնի iPhone 7-երը։
«Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր հաճախորդների համբերությունը և աշխատում ենք ամեն ինչ անել, որ յուրաքանչյուրն, ով ցանկանում է, կարողանա հնարավորինս շուտ ձեռք բերել նոր iPhone-ները»,- ասել է Apple-ի խոսնակ Թրյուդի Մյուլերը հայտարարությունում։
Նշենք, որ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Չինաստանում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Ճապոնիայում, Սինգապուրում, Պուերտո Ռիկոյում և այլ երկրներում նոր սմարթֆոնների նախնական պատվերների ընդունումը սկսվել է սեպտեմբերի 9-ին։ Նոր սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 16-ին։











