Apple-ի ղեկավարությանը մեղադրել են սեքսիզմի և կանանց իրավունքների ոտնահարման համար
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության նախկին աշխատակիցներից 7-ն անանուն նամակներում բողոքել են, որ կորպորացիայի ղեկավարությունը խրախուսում է ներքին ագրեսիվ կուլտուրայի դրսևորումը, ինչպես նաև որևէ կերպ չի արձագանքում սեքսիզմի և կանանց իրավունքների ոտնահարման դեպքերին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Apple-ի նախկին աշխատակցուհիներից մեկի պատմելով՝ 2016թ. հունիսին իրենց գրասենյակում մի անծանոթ է հայտնվել, ինչից հետո գործընկերները կատակել են՝ ասելով, որ տղամարդը պատրաստվում է բռնաբարել շենքի բոլոր կանանց: Աշխատակցուհին քննադատել է նման վարքը, բայց ներկաներից ոչ ոք նրան չի աջակցել: Դրանից հետո աղջիկը նամակ է գրել ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկին, սակայն վերջինս չի պատասխանել:
Մեկ այլ նախկին աշխատակցուհի նշել է, որ ժողովներից մեկի ժամանակ ներկա են եղել մեկ տասնյակից ավելի տղամարդիկ և ոչ մի կին: Բոլոր մասնակիցները սկսել են վիրավորական կատակներ անել իգական սեռի ներկայացուցիչների հասցեին: Մինչդեռ բաժնի ղեկավարը նրանց նման պահվածքի համար որևէ նկատողություն չի արել:
Բացի այդ, ևս մի քանի կին բողոքել են, որ ղեկավարությունը, անտեսելով իրենց ունեցած անհրաժեշտ մասնագիտական հմտություններն ու աշխատանքային փորձը, իրենց ավելի բարձր պաշտոնի չի նշանակել՝ նախապատվությունը տալով տղամարդկանց:










