Google-ը ներկայացրել է հավելված՝ նախատեսված զբոսաշրջիկների համար (տեսանյութ)

13:24 • 20.09.16

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է ճանապարհորդությունների պլանավորման համար նախատեսված Google Trips հավելվածը, որը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով գործող սարքերի համար:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, հավելվածը թույլ է տալիս կազմել ճանապարհորդության երթուղին՝  օգտագործելով Google Maps քարտեզային ծառայության տվյալներն ու Gmail-ի նամակների տեղեկությունները: Օրինակ՝ եթե օգտատիրոջ Gmail-ում նամակներ են եղել հյուրանոցային համարների կամ ավիատոմսերի ամրագրման  վերաբերյալ, ապա Google Trips-ը վերցնում է այդ տեղեկությունները:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հավելվածում օգտատերը կարող է տեսնել իր նախորդ և սպասվելիք ճամփորդությունների ցուցակն ու դրանց վերաբերյալ մանրակրկիտ տեղեկություններ ստանալ: Բացի այդ, հավելվածը հնարավորություն է տալիս տեղեկանալ նախընտրած ուղղության տեսարժան վայրերի, հյուրանոցների, սրճարանների և այլ հետաքրքիր տեղերի վերաբերյալ:

  

Google-ը ներկայացրել է հավելված՝ նախատեսված զբոսաշրջիկների համար (տեսանյութ)