Իրականացվել է կենդանիների գլխի փոխպատվաստման ամենաբարդ փուլի բարեհաջող վիրահատություն (տեսանյութ)
Իտալացի նեյրովիրաբույժ Սերջո Կանավերոն հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում են գլխի փոխպատվաստման վիրահատության ենթարկված կենդանիներ՝ մուկ և շուն:
Ինչպես նշում է lenta.ru-ն, բժիշկն ամբողջությամբ չի կտրել կենդանիների գլուխները, այլ միայն բացվածք է արել ողնաշարի վրա, որի վերականգնման բարդությունը լուրջ խոչընդոտ է լիարժեք փոխպատվաստման վիրահատության անցկացման համար:
Կանավերոն մանրամասնել է, որ իր աշխատանքում օգտագործել է պոլիէթիլենգլիկոլ, որը ներարկվել է ողնուղեղի մեջ՝ նպաստելով հազարավոր նեյրոնների միջև կապերի վերականգնմանը:
Աղբյուրը հավելում է, որ իտալացի մասնագետի իրականացրած գիտափորձին հաջորդելու է նեյրոդեգեներատիվ հիվանդությունից տառապող ռուս ծրագրավորողի գլխի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը: Սակայն ոլորտի մասնագետները որևէ երաշխիք չեն տալիս առ այն, որ վիրահատությունը հաջող ելք կունենա:











