Չինաստանը տիեզերք է ուղարկել խաղողի որթատունկեր
Չինացի գիտնականներն օրեր առաջ տիեզերք արձակված Tiangong-2 մոդուլի հետ Երկրի ուղեծիր են ուղարկել խաղողի 3 տեսակի որթատունկեր:
Ինչպես նշում է The Guardian-ը, չինացի գիտնականները լիահույս են, որ տիեզերքում գտնվելու ժամանակ որթատունկերը կենթարկվեն ճառագայթման ու որպես արդյունք կկարողանան աճել Երկրի վրա՝ անբարենպաստ պայմաններում:
Գիտնականների խոսքերով՝ տիեզերական ճառագայթումը կարող է գենետիկ փոփոխություններ առաջացնել որթատունկերում՝ օգնելով, որպեսզի դրանք առավել դիմացկուն դառնան ցրտի, շոգի ու տարատեսակ վարակների նկատմամբ:
Երկիր վերադառնալուց հետո նմուշները կթեստավորվեն ու կհամեմատվեն՝ պարզելու համար «ամենապետքական» մուտացիայի ենթարկված նմուշը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Չինաստանը դարձել է գինու արտադրության ոլորտի առաջատարներից մեկը, սակայն դրա տարբեր հատվածներում տիրող եղանակային անբարենպաստ պայմանները խոչընդոտում են գինեգործության լիարժեք և արագընթաց զարգացմանը:










