ԱՄՆ-ում գնորդներն արդեն վերադարձրել են 500 հազար հատ Galaxy Note 7 սմարթֆոն
Ամերիկացի սպառողները հինգշաբթի երեկոյի դրությամբ արդեն խանութներ են վերադարձրել 500.000 հատ Galaxy Note 7 սմարթֆոն՝ բռնկման և պայթյունների մասին հաղորդագրություններից հետո, գրում է Интерфакс-ը:
Samsung-ը պատրաստվում է ԱՄՆ-ում հետ կանչել մոտ 1 միլիոն այդ մոդելի սմարթֆոն: Այդ մասին են վկայում ԱՄՆ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի տվյալները:
Ամերիկացիների մեծ մասը նախընտրել է փոխարենը ստանալ սմարթֆոն, այլ ոչ Samsung-ի մեկ այլ սարք կամ դրամային փոխհատուցում: Նրանք, սակայն, բողոքում են նոր հեռախոսների մատակարարման ժամկետների մասին տեղեկության պակասի և այլ խնդիրների համար:
Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող Samsung Electronic-ը հայտարարել է Galaxy Note 7 նոր մոդելի սմարթֆոնները ողջ աշխարհում հետ կանչելու մասին՝ մարտկոցների հետ կապված խնդրի հայտնաբերման պատճառով:










