Volkswagen-ը Շնոբելյան մրցանակ է ստացել «դիզելգեյթի» համար
Այս տարի գերմանական Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնը Շնոբելյան մրցանակի է արժանացել քիմիայի ոլորտում: Մրցանակաբաշխության 26-րդ հանդիսավոր արարողությունն անցկացվել է նախօրեին` Հարվարդի համալսարանում:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, այս տարվա հիմնական սենսացիան դարձել է պատմության մեջ առաջին անգամ գերմանական Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնի` Շնոբելյան մրցանակին արժանանալը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմոբիլային կոնցեռնը մրցանակին արժանացել է «թեստավորման ժամանակ ավտոմատ էլեկտրամեխանիկական նվազեցման միջոցով ավտոմեքենաների ավելցուկային արտանետումների խնդրի լուծման համար»:
Կայքը գրում է, որ ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած սկանդալի արդյունքում ողջ աշխարհն իմացել է, որ Volkswagen-ը խարդախություններ է արել դիզելային ավտոմեքենաների արտանետումների հարցում, որպեսզի դրանք համապատասխանեն ամերիկյան էկոլոգիական ստանդարտներին:
Նշենք, որ Շնոբելյան մրցանակը շնորհվում է այն «արտասովոր և սրամիտ հետազոտությունների ու նվաճումների համար, որոնք սկզբում ստիպում են ծիծաղել, իսկ այնուհետև՝ մտածել»:










