Պերուում հին քաղաքի մոտակայքում անսովոր շրջանակներ են հայտնաբերվել
Երկրաբանները հնդկացիների հնագույն Կվիլկապամպա քաղաքի մոտակայքում բազմաթիվ նոր գեոգլիֆներ՝ երկրի վրա պատկերված երկրաչափական կամ կերպարային պատկերներ են հայտնաբերել: Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Journal of Archaelogical Science ամսագրում, գրում է gazeta.ru-ն:
Պերուում հնագույն քաղաքի շրջակայքի ուսումնասիրության ժամանակ հետազոտողները համակցել են արբանյակային լուսանկարահանման, անօդաչու թռչող սարքերից արված լուսանկարների և ցամաքում արված դիտարկումների արդյունքները:
Իրականացված աշխատանքի արդյունքում գիտնականները քարտեզի վրա են տեղադրել բազմաթիվ նոր, նախկինում անհայտ կլոր գեոգլիֆներ: Դրանցից մի քանիսը եղել են պարզապես կլորակներ, սակայն հանդիպել են նաև ավելի բարդ պատկերներ: Բացի այդ, որոշ պատկերների ներսում կամ շուրջը հետազոտողները հայտնաբերել են քարերի կույտեր:
Հետազոտողները կարծում են, որ հայտնաբերված բոլոր պատկերները ստեղծվել են 1050-ից 1400 թվականներին Կվիլկապամպա քաղաքի բնակիչների կողմից: Այդ ժամանակ դա խոշոր առևտրային քաղաք էր։










