Գիտության նկատմամբ իշխանություններն առավել ուշադիր են 2005 թ.-ից սկսած. Գիտության պետական կոմիտեի նախագահ

13:05 • 24.09.16

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով գիտության կարևորմանը նշեց, որ գիտության նկատմամբ իշխանությունները սկսեցին առավել ուշադիր լինել 2005 թվականից սկսած: 

Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին Հայաստանը համարվել է զարգացած գիտական ենթակառուցվածքներ ունեցող և գիտական ուսումնասիրություններ իրականացնող պետություն։

«Խորհրդային Հայաստանում ծախսվող գումարների գրեթե 70 տոկոսը ծախսվում էր կիրառական նշանակություն ունեցող ուսումնասիրությունների վրա»,-ասաց նա:

Չնայած դրան՝ Սամվել Հարությունյանը նշեց, որ պետք չէ մեղադրել իշխանություններին, որ մինչև 2005 թվականը առանձնապես ոչինչի չի արվել գիտության ոլորտում, քանի որ այդ ժամանակներն այնպիսին էին, որ չկար գիտության հարցերով զբաղվելու ժամանակ և ֆինանսներ:

«2007 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԿԳՆ կազմում ստեղծվեց նոր կառույց՝ գիտության պետական կոմիտե: Կոմիտեի ստեղծումն անհրաժեշտություն էր, և հիմնական նպատակը գիտության զարգացմանն ուղղված ընդհանուրը քաղաքականության մշակումը»,-ասաց նա և նշեց, որ մինչ այդ գիտության կառավարման երեք տարբեր մեխանիզմներ էին գործում՝ ակադեմիական, ճյուղային և բուհական, սակայն այդ երեք համակարգերի միասնական կառավարման ինստիտուտ չկար:

Նա կարծում է, որ երկրում տեղի ունեցած իրական բարեփոխումներն ունեն 9 տարվա պատմություն, որի ընթացքում բավականին աշխատանք է կատարվել:

«Հիմնականում Գիտության պետական կոմիտեի և պետության վարած քաղաքականության մոտեցումներն ուղղված էին նրան, որ խորհրդային համակարգից ինչ մնացել էր, կարողանայինք դա պահպանել ու զարգացնել և հնարավորինս արագ գիտական ամբողջ համակարգն ինտեգրել եվրոպական և համաշխարհային գիտակրթական տարածքին»,-ասաց նա:

Գիտության նկատմամբ իշխանություններն առավել ուշադիր են 2005 թ.-ից սկսած. Գիտության պետական կոմիտեի նախագահ